Նորություններ

Նոր կարգավորում կենսաթոշակների և նպաստների վճարման որոշակի ծառայություններից ՄՍԾ ներկայացուցչի միջոցով օգտվելու և բանկային նվազագույն ծառայությունների հասանելիության մասին

սեպտեմբեր 29, 2026

Հարգելի քաղաքացիներ, տեղեկացնում ենք կենսաթոշակների և նպաստների վճարման համար սահմանված որոշակի ծառայություններից Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի միջոցով օգտվելու և բանկային նվազագույն ծառայությունների հասանելիությունն ապահովելու նոր կարգավորման մասին։

Կենսաթոշակի վճարման ընթացքում իր ինքնուրույն գործողություններով (այդ թվում՝ լիազորագրով) օգտվելու հնարավորություն չունեցող կենսաթոշակառուն կամ նպաստառուն կարող է Միասնական սոցիալական ծառայության ներկայացուցչի միջոցով՝
• ձեռք բերել բանկի հաճախորդի իրավունքներ,
• շահառուի անունից կնքել բանկային հաշվի պայմանագիր,
• օգտվել հիմնական բանկային ծառայություններից։

Դրա համար քաղաքացին կարող է գրավոր, հեռախոսազանգով կամ այլ անձի միջոցով Ծառայությանը ներկայացնել դիմում՝ նշելով կոնկրետ պահանջվող ծառայությունը։

Ծառայության ներկայացուցչի միջոցով կենսաթոշակառուն կարող է ներկայացնել նաև կենսաթոշակին առնչվող ցանկացած դիմում, այն դեպքում, երբ օրենսդրությամբ նախատեսված է այդ դիմումն անձամբ ներկայացնելու պահանջ, սակայն նա չի կարող այդ պահանջը կատարել իր ինքնուրույն գործողություններով։

Այս դեպքում դիմումը սահմանված կարգով Ծառայություն ներկայացնելու գործառույթն իրականացվում է տարածքային կենտրոնների համապատասխան աշխատակիցների կողմից՝ կենսաթոշակառուի տնային կամ գտնվելու վայր այցելությունների միջոցով։