Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը սկսելու մասին
հոկտեմբեր 09, 2026
Անձի ֆունկցիոնալության գնահատման գործընթացը սկսելու համար լրացվում է էլեկտրոնային դիմում՝ e-disability.am համակարգի միջոցով։
Առողջական խնդիրը հաստատող բժշկական փաստաթղթերը և ֆունկցիոնալության գնահատման ուղեգիրը ստացվում են էլեկտրոնային առողջապահության «Արմեդ» համակարգից։
Դիմումը կարող է լրացնել անձը կամ նրա ներկայացուցիչը՝ մուտքագրելով հանրային ծառայությունների համարանիշը (ՀԾՀ) կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարանիշը։
Եթե դիմումը լրացնում է ներկայացուցիչը, անհրաժեշտ է նաև ներկայացուցչի կարգավիճակը հաստատող փաստաթուղթը՝ խնամակալ (հոգաբարձու) լինելու փաստը հաստատող փաստաթուղթ կամ, 16 տարեկանից բարձր անձանց դեպքում, լիազորագիր, ինչպես նաև ներկայացուցչի ՀԾՀ-ն կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարանիշը։
Մինչև 16 տարեկան երեխաների դեպքում դիմումը լրացնում է ծնողներից մեկը կամ խնամակալը (հոգաբարձուն)՝ մուտքագրելով գնահատվողի և ծնողի կամ խնամակալի (հոգաբարձուի) ՀԾՀ-ները կամ ՀԾՀ չունենալու վերաբերյալ տեղեկանքի համարները։
Օտարերկրացիները, քաղաքացիություն չունեցող անձինք և փախստականի կարգավիճակ ունեցող անձինք պետք է մուտքագրեն ՀՀ-ում բնակվելու իրավունք ունենալու վերաբերյալ փաստաթղթի համարը։